Պետք է հանրության շրջանում էապես մեծանա դատական վճիռների նկատմամբ վստահությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինստիտուցիոնալ բարեփոխումները, այդ թվում՝ հակակոռուպցիոն, դատական ոլորտներում, առանցքային նշանակություն ունեն կառավարության համար: Այդ այդ բարեփոխումների արդյունքում պետք է, օրինակ, հանրության շրջանում էապես մեծանա դատական վճիռների նկատմամբ վստահությունը, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստին շեշտել է նա:

«Մեր խնդիրն է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից տրվող վարկանիշներում Հայաստանի իմիջը շարունակական բարձրացնել, այնպես որ պետք է այս հարցում լինենք մաքսիմալ հետևողական»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Դատական համակարգի անկախության խնդիրներին իր օրերս ունեցած հանդիպումներում անդրադարձել էր նաև ԱՄՆ դեսպանը:

Կառավարությունից հայտնում են, որ այսօր կայացած քննարկմանն անդրադարձ է կատարվել ԳՐԵԿՈ-ի և Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության՝ ՀՀ 2021 թվականի գնահատման արդյունքների վերաբերյալ առաջարկություններին:

Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը «մեծ հաշվով անբավարար» էր գնահատել Հայաստանի իշխանություններին դեռ 5 տարի առաջ ներկայացված առաջարկությունների կատարումը և պահանջել՝ հստակ քայլեր ձեռնարկել ու մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը զեկուցել, թե ինչ է արվել հանձնարարականները կատարելու ուղղությամբ։ Այս մարմինը՝ GRECO-ն 5 տարի առաջ, ուսումնասիրելով Հայաստանի խորհրդարանի պատգամավորների, դատավորների ու դատախազների շրջանում կոռուպցիոն ռիսկերը, 18 հանձնարարական էր տվել կառավարությանը։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից ներկայացվող զեկույցներում Հայաստանի վարկանիշի շարունակական բարձրացումը և նշել, որ այս համատեքստում պետք է հաղորդակից լինել ստացվող ազդակներին:

Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2021 թվականի գործունեության հաշվետվության` ստուգվել և վերլուծվել է 210-ից ավելի պաշտոնատար անձի հայտարարագիր, որից 139-ը եղել են դատավորներ: Հավելյալ ստուգվել են նաև վերոնշյալ պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների հայտարարագրերը: Արդյունքում՝ հարուցվել են ինչպես կարգապահական վարույթներ, այնպես էլ որոշ գործեր ուղարկվել են դատախազություն:

Նախորդ տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է անհամատեղելիության պահանջների և շահերի բախման 45 դեպք, որոնցից 15-ը՝ մեդիա հրապարակումների հիման վրա: Այս հիմքով հարուցվել է 3 վարույթ:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button