Բլինքենը Լավրովին առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպել Եվրոպայում

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 17-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մինսկյան համաձայնությունների կատարման հարցով տեղի ունեցած նիստից հետո ասել է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին առաջարկել է հաջորդ շաբաթվա ընթացքում հանդիպել Եվրոպայում:

«Այսօր առավոտյան ես Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին նամակ եմ ուղարկել՝ առաջարկելով ի շարունակություն վերջին շաբաթներին տեղի ունեցող մեր բանակցությունների, հանդիպել Եվրոպայում և քննարկել մեր քայլերը, որոնք կարող ենք անել ճգնաժամը կարգավորելու համար»,- ասել է Բլինքենը:

Նրա փոխանցմամբ, Վաշինգթոնը նաև ռուսական կողմին առաջարկում է անցկացնել հանդիպումներ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի և ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդի շրջանակներում:

«Այդ հանդիպումները կարող են առանցքային լիդերների առաջ ճանապարհ բացել գագաթնաժողով գումարելու և անվտանգության ասպարեզում մեր մտահոգությունների վերաբերյալ ըմբռնման հասնելու համար»,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Բլինքենի և Լավրովի նախորդ հանդիպումը հունվարի 21-ին Ժնևում էր: Դրանից երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները մի քանի անգամ զրուցել են հեռախոսով: Վերջին զրույցը տեղի է ունեցել երեքշաբթի օրը:

Այդ զրույցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարը կարևորել է «անվտանգության երաշխիքների շուրջ երկխոսությունն առանց ագրեսիվ հռետորաբանության շարունակելու և պրագմատիկ մոտեցում դրսևորելու անհրաժեշտությունը»:

Հաջորդ շաբաթ Եվրոպայում հնարավոր հանդիպման վայրի և ժամկետի մասին առայժմ տեղեկություն չկա:

Ռուսաստանը 2021 թվականի դեկտեմբերին անվտանգության երաշխիքների խնդրով պայմանագրերի նախագծեր է ներկայացրել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին: Դրանից հետո տեղի են ունեցել բանակցություններ, որոնք նշանակալից արդյունք չեն ապահովել: Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն Ռուսաստանին փոխանցել են այդ երաշխիքներոի հարցով պատասխաններ, որոնք Մոսկվան բացասական է գնահատել:

Երեկ Ռուսաստանը հրապարակել է պաշտոնական արձագանքը Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի պատասխաններին:

Ռուսաստանի առանցքային պահանջներից մեկն այն է, որ Ուկրաինան և Վրաստանը երբևէ չմիանան ՆԱՏՕ-ին: Մինչդեռ, ըստ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի, Ռուսաստանին վերապահված չէ ՆԱՏՕ-ի ընդարձակման հարցերին միջամտելու իրավունք:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button