Եվրամիությունը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով լուծել ուկրաինական ճգնաժամը։ Այդ նպատակով, ինչպես հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, իրենք Մոսկվայից ակնկալում են կոնկրետ գործողություններ՝ ուղղված լարվածությունը թուլացնելուն։
«Վերջին երկու օրվա ընթացքում Ռուսաստանն ազդարարեց, որ կարող է բաց լինել դիվանագիտության համար, և մենք կոչ ենք անում Ռուսաստանին կոնկրետ ու շոշափելի քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման համար՝ որպես անկեղծ քաղաքական երկխոսության պայման։ Մենք չենք կարող հավերժ փորձել դիվանագիտական ջանքեր գործադրել, մինչ մյուս կողմը զորքեր է կուտակում», – ասել է Միշելը։
Միևնույն ժամանակ շարունակվում են ռուս-բելառուսական «Դաշնակիցների վճռականություն – 2022» համատեղ զորավարժությունները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ էլ՝ Արևմտյան և Հարավային ռազմական շրջանների ստորաբաժանումները սկսել են վերադառնալ իրենց մշտական տեղակայման վայրեր։