Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևան մոտ ապագայում կայցելի Ղարաբաղ։ Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։
Անդրեևայի խոսքով՝ գնահատման առաքելությունում կընդգրկվեն ՄԱԿ-ի համապատասխան մասնագիտացված գերատեսչությունների և ծրագրերի ներկայացուցիչներ:
Նախօրեին ընդունելով Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում միջազգային մասնագիտացված կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի գործակալությունների անխոչընդոտ ներգրավվածության անհրաժեշտությունը:
Տարածաշրջան ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության շուրջ շարունակվող անորոշության ֆոնին օրերս ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև մի խումբ քաղաքացիներ էին հավաքվել՝ բարձրաձայնելու իրենց մտահոգությունը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի շուրջ։ Ակցիայի մասնակիցների անհանգստության պատճառը պաշտոնական Բաքվից վերջերս հնչող հայտարարություններն են. այնտեղ կասկածի տակ են դնում իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում Հայ Առաքելական եկեղեցիների պատկանելությունը՝ պնդելով, թե դրանք աղվանական են, և նշելով, թե «հայերը հետքեր են թողել հուշարձանների վրա, որոնք պետք է մաքրվեն»: