Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդեց, որ փետրվարի 19-ին «ռազմավարական զսպման ուժերի» զորավարժություններ են մեկնարկելու Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ։ Արձակվելու են բալիստիկ և թևավոր հրթիռներ։
Զորավարժություններում ներգրավված են Ռուսաստանի հրթիռային զորքերը, օդա-տիեզերական ուժերը, Հարավային զինվորական օկրուգը, Հյուսիսային և Սևծովյան նավատորմերը։
Պետական ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ պլանավորված զորավարժությունների շրջանակում սովորաբար Հյուսիսային նավատորմի սուզանավից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակվում Կամչատկայի փորձադաշտի, իսկ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ատոմային սուզանավից հրթիռ է արձակվում Ռուսաստանի հյուսիսային փորձադաշտի թիրախների վրա։ Բալիստիկ հրթիռների արձակումներ են կատարում նաև Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, իսկ օդուժը թևավոր հրթիռներ է արձակում։
Մոսկվան միջուկային սպառազինությունների զորավարժություններ է սկսում ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին։