Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։
Հայաստանի դիվանագիտական գերատեսչության փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցը՝ ընդգծելով դրան վերաբերող համաձայնագրի մշակմանն ուղղված հետագա աշխատանքների և ստորագրման անհրաժեշտությունը։
Բանակցությունների ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը, որ վերաբերում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու սահմանների անձեռնմխելիությանը։ Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության խաղաղ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։
Նախարար Միրզոյանը Մյունխենում հանդիպել է նաև Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարՖայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատել երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման գործում։