«Ուկրաինական ճգնաժամի դինամիկան հնարավոր կլինի փոխել միայն բանակցությունների միջոցով», – այսօր, դիմելով Մյունխենի անվտանգության հարցերով միջազգային համաժողովի մասնակիցներին, հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Ես պատրանքներ չունեմ, արագորեն հաջողության հասնելու ակնկալիքներ չկան, սակայն մենք պետք է սատարենք դիվանագիտությունը՝ առանց միամտություն ցուցաբերելու», – հայտարարել է գերմանական կառավարության ղեկավարը։
«Ուկրաինայի շուրջ զորքերի կուտակումը որևէ արդարացում չունի, իսկ այդ երկրի վրա [ռուսական] հարձակումը մեծագույն սխալ կլինի», – հայտարարել է Շոլցը՝ հատուկ ընդգծելով, որ Արևելյան Ուկրաինայում իրադրության հանգուցալուծման համար «Նորմանդյան ձևաչափը որոշիչ նշանակություն ունի»։
«Եվրոպայում այսօր պատերազմի վտանգ է առկա։ Վտանգը դեռ չեզոքացված չէ», – հավելել է Գերմանիայի դաշնային կանցլերը։