Մյունխենում այսօր մեկնարկել է անվտանգության հարցերին նվիրված 58-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցում է աշխարհի քաղաքական, գործարար և գիտական շրջանակները ներկայացնող շուրջ 600 գործիչ։
Համաժողովի կազմակերպիչների խոսքով այս տարի դրա աշխատանքներին մասնակցելու են աշխարհի առնվազն 35 պետությունների նախագահներ և վարչապետեր։ 2022 թվականի Մյունխենի համաժողովի քննարկումների հիմնական թեման Ուկրաինայի շուրջ ծագած ճգնաժամն է։
«Վերջին իրադարձությունները կարող են ամբողջությամբ վերափոխել գործող աշխարհակարգը։ ԵՄ իր տրանսատլանտյան գործընկերների հետ լրջագույն ֆինանսական և տնտեսական պատժամիջոցների փաթեթ է պատրաստել, որոնք նաև էներգետիկայի ոլորտն ու տեխնոլոգիաների փոխանցման վրա դրվող արգելքներ են ներառում։ Կրեմլի վտանգավոր մտայնությունները, որոնց արմատները մութ անցյալում են, կարող են վտանգել Ռուսաստանի բարեկեցիկ ապագան», – դիմելով Մյունխենի համաժողովի մասնակիցներին՝ հայտարարում էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։