Եվրոպական միությունը Հայաստանի կարևոր գործընկերներից է․Փաշինյանը՝ Կուբիլիուսին

Loading...

«Եվրանեսթի» նիստերը կարևոր հարթակ են համագործակցության զարգացման ու երկխոսության համար, այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ողջունելով «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերի անցկացումը Երևանում։

Ընդունելով ԵՄ խորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը՝ վարչապետը շեշտել է՝ Եվրոպական միությունը հանդիսանում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում առկա փոխգործակցությունը:

Հայտարարելով, որ ժողովրդավարության զարգացման օրակարգը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկն է, Փաշինյանն ասել է, որ այդ ուղղությամբ քայլերը շարունակելու են կրել հետևողական ու շարունակական բնույթ:

Կուբիլիուսը շեշտել է Հայաստանում ժողովրդավարական արդյունավետ բարեփոխումների փաստը և հույս հայտնել, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու խորանալ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, հաղորդակցման ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության վերաբերյալ, ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման նպատակով:

Անդրիուս Կուբիլիուսն այսօր Երևանում հանդիպել է նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button