Այսօր կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Այս մասին, վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, հաղորդում է ռուսաստանյան պաշտոնական TACC գործակալությունը։
«Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ։ Երկու կողմից ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հետևողական կատարման կարևորությունը՝ ներառյալ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնումը, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի շուտափույթ մեկնարկին ուղղված քայլերի իրականացումը», – նշված է հաղորդագրության մեջ։
Պուտինը վաղը Մոսկվայում հանդիպելու է Ադրբեջանի ղեկավար Ալիևի հետ, նրանք դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրեն:
Կրեմլի տեղեկություններով` Իլհամ Ալիևի՝ վաղը մեկնարկող պաշտոնական այցի ընթացքում կողմերը քննարկելու են քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ասպարեզներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։