Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակին կարգադրել է մտնել Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում անջատականների հսկողության տակ գնտվող տարածքներ, որոնք Մոսկվայի կողմից փետրվարի 21-ի երեկոյան ճանաչվել են որպես ինքնիշխան երկրներ:
Պուտինի հրամանով ռուսական զորքը «Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում խաղաղություն ապահովելու առաքելություն է կատարելու»:
«Հաշվի առնելով Դոնեցկի ժողովրդական հանրապետության դիմումը՝ պաշտպանության նախարարությանը կարգադրում եմ մինչև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի կնքումը, Ռուսաստանի զինված ուժերի միջոցով խաղաղություն ապահովել Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքում»,- ասվում է Պուտինի հրամանում:
ՌԴ պաշտպանության նախարարությունը նմանօրինակ կարգադրություն է ստացել նաև «Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում» գործելու վերաբերյալ: