Ալիևը հայկական կողմից ակնկալում է Ղարաբաղի տարածքից զորքերի դուրս բերում, ինչպես նաև Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև հաղորդակցությունների բացում: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
Ասուլիսը հաջորդել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրմանը։
«Մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը ամբողջովին կիրականացնի 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 10-ին ստորագրված արձանագրությունների բոլոր կետերը, որոնք վերաբերվում են բոլոր հայկական զորքերի դուրս բերմանը Ղարաբաղի տարածքից, ինչպես նաև Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև բոլոր հաղորդակցությունների բացմանը, ինչը հայկական կողմի իրավական պարտավորություններից է», – պնդել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքները դանդաղ են ընթանում։