«Սադրանքների չենք տրվում», – անցած գիշերով հատուկ ուղերձով դիմելով ուկրաինացիներին՝ հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի առաջնորդը պնդել է, որ չնայած Ռուսաստանի Դաշնության գործողություններին և հայտարարություններին՝ Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները կմնան նույնը։
«Մենք մնում ենք հանգիստ և ինքնավստահ: Մենք պատրաստ ենք ամեն ինչի: Բայց Դոնեցկի և Լուգանսկի օկուպացված շրջանների անկախության ճանաչումը նշանակում է, որ Ռուսաստանը միակողմանիորեն դուրս է գալիս Մինսկի համաձայնագրերից: Սա խաթարում է խաղաղության ջանքերը և բանակցային ձևաչափը», – հայտարարել է Զելենսկին՝ հավելեվով, որ 8 տարի պատերազմին աջակցող Ռուսաստանը չի կարող խաղաղություն պահպանել:
Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու Ռուսաստանի որոշումից հետո Կիևը դիմել է ՄԱԿ-ին՝ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով։
Եվրամիությունը տեղի ունեցածը որակել է միջազգային իրավունքի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում։
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան հայտարարել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին։
ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը դատապարտել է Ռուսաստանի որոշումը և Մոսկվային մեղադրել Մինսկի պայմանավորվածությունները խախտելու մեջ։