Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները որպես անկախ պետություններ ճանաչելու՝ պաշտոնական Մոսկվայի որոշումը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Այս որոշումն իրենից ներկայացնում է Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների ամբողջական մերժում, ուղղակիորեն հակասում է Ռուսաստանի հայտարարած հավատարմությանը դիվանագիտությանը և բացահայտ հարձակում է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա», – ասվում է հայտարարության մեջ։
Բլինքենը նաև ասել է, որ աշխարհի երկրները պարտավոր են չճանաչել «ուժի սպառնալիքով կամ կիրառմամբ ստեղծված նոր «պետությունը»։
«Ռուսաստանի որոշումը նախագահ Պուտինի կողմից միջազգային իրավունքի և նորմերի բացահայտ անտեսման ևս մեկ օրինակ է», – հայտարարել է պետքարտուղարը։