Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպանության աշխատակիցները անվտանգության նկատառումներից ելնելով գիշերել են Լեհաստանում:
Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով ամերիկյան դեսպանության՝ մեկ շաբաթ առաջ Կիևից Լվով տեղափոխված աշխատակիցներին Պետդեպարտամենտը կարգադրել է ժամանակավորապես լքել երկիրը։
«Դեսպանության աշխատակիցները պարբերաբար կվերադառնան՝ շարունակելու իրենց դիվանագիտական աշխատանքը Ուկրաինայում և տրամադրելու շտապ հյուպատոսական ծառայություններ։ Նրանք կշարունակեն աջակցել ուկրաինացի ժողովրդին և Ուկրաինայի կառավարությանը՝ համակարգելով դիվանագիտական ջանքերը։ ԱՄՆ-ի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ռուսական ագրեսիայի պայմաններում անսասան է», – ասվում է պետքարտուղարի հայտարարության մեջ:
Էնթոնի Բլինքենը նաև խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ հեռանալ Ուկրաինայից։
Ռուսաստանը երեկ պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը, ռուսական բանակը մտնում է Ուկրաինա։