Թուրքմենստանի ընտրական հանձնաժողովը գրանցել է նախագահի ևս երեք թեկնածուների, որոնք հայտնի են երկրի ավտորիտար առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի նկատմամբ իրենց հավատարմությամբ, այս մասին հայտնում է «Ազատության» թուրքմենական ծառայությունը։
Փետրվարի 11-ին 64-ամյա Բերդիմուհամեդովը երկրի խորհրդարանի վերին պալատի արտահերթ նիստում հայտարարել է պաշտոնը թողնելու և իշխանությունը «երիտասարդ առաջնորդներին» փոխանցելու մտադրության մասին:
Փորձագետների համոզմամբ՝ Թուրքմենստանի առաջնորդը պատրաստվում է իշխանության ղեկը հանձնել երիտասարդ որդուն։ 40-ամյա Սերդար Բերդիմուհամեդովը անցած օրերին արդեն պաշտոնապես առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։
Այս պահի դրությամբ Թուրքմենստանի նախագահի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների թիվը 9 է։
Իրավապաշտպան կառույցների գնահատմամբ՝ 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո անկախ պետություն դառնալուց ի վեր Թուրքմենստանում երբեք ազատ և արդար ընտրություններ չեն անցկացվել։