Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնել է, որ Լոնդոնը պատժամիջոցների է ընդունել ռուսաստանյան հինգ բանկերի և երեք ֆիզիկական անձանց՝ գործարարներ Գենադի Տիմչենկոյի, Բորիս և Իգոր Ռոտենբերգների դեմ։
Ռուսաստանցի երեք միլիարդատերերն էլ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից են։
«Արևմուտքը չի սխալվել իր կանխատեսումներում և վերջին 24 ժամվա իրադարձությունները այդ մասին են վկայում», – հայտարարել է բրիտանական կառավարության ղեկավարը և հավելել, – «Արևմուտքը Պուտինին հնարավորություն է տվել իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, բայց Ռուսաստանը դրանից չի օգտվել»։
Եվրահանձնաժողովը իր հերթին այսօր հայտարարություն է տարածել Ռուսաստանի դեմ պատրաստվող պատժամիջոցների մասին։ Բրյուսելը նշում է, որ սահմանափակումները կկիրառվեն նրանց նկատմամբ, որոնք մասնակցել են Դոնցեկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչմանը։
Բացի այդ Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի այն բանկերի նկատմամբ, որոնք ֆինանսավորում են Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունները։ Քայլեր են ձեռնարկվելու նաև ռուսաստանյան պետական ֆինանսական ոլորտի նկատմամբ, որպեսզի զսպեն Մոսկվայի «ագրեսիվ քաղաքականությունը» և առևտուրը երկու ինքնահռչակ հանրապետություններում։
Ուկրաինայի արևելքում գտնվող ռուսամետ կազմավորումները ճանաչելու Մոսկվայի որոշման ֆոնին Գերմանիան հայտարարել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի շահագործումը սառեցնելու մասին։ «Հյուսիսային հոսք 2» գազատարը նախատեսված է երկու զուգահեռ խողովակաշարերով ռուսական գազը Բալթիկ ծովով Գերմանիա հասցնելու համար` շրջանցելով Ուկրաինան և մի շարք այլ երկրներ։
Ավելի վաղ Միացյալ Նահանգներն էլ պատժամիջոցներ է սահմանել ինքնահռչակ հանրապետությունների նկատմամբ։ Ամերիկյան կառավարության որոշումը արգելում է ԱՄՆ-ի քաղաքացիներին ցանկացած ներդրում «հանրապետությունների» տնտեսությունում, ինչպես նաև ուղղակի կամ անուղղակի առևտուր այդ շրջանների հետ։