ԵՄ պատժամիջոցների տակ են ընկնում ռուսական մի քանի բանկեր, Պետդումայի 351 պատգամավորները, 27 ֆիզիկական ու իրավաբանական անձինք։ Այդ մասին փետրվարի 22-ին կայացած ասուլիսում հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։
«Այսօր մենք համաձայնության եկանք, որ ռուսական Պետդումայի 351 անդամները, որոնք քվեարկել են միջազգային նորմերը և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խախտելու օգտին, կընդգրկվեն պատժամիջոցների մեր ցանկում», – ասել է Բորելը։
Նա հայտնել է, որ պատժամիջոցները վերաբերում են նաև ֆիզիկական ու իրավաբանական 27 անձանց, որոնք իրենց որոշումներով և գործողություններով առնչություն ունեն Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը խարխլելու հետ։
Պատժամիջոցներ են սահմանվել նաև Դոնեցկում և Լուգանսկում ֆինանսական գործարքներ կատարող բանկերի նկատմամբ։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Ժոզեպ Բորելն ասել է, որ ԵՄ պատժամիջոցների ցանկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը չկա։