Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման հեռանկար այս պահին չկա, քանի որ Ռուսաստանը ճանաչել է Դոնբասի երկու ինքնահռչակ կազմավորումների անկախությունը: Այդ մասին ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին:
«Մենք երբեք ամբողջությամբ չենք փակում դիվանագիտության դուռը, բայց վստահ կարող ենք ասել, որ այս պահին նման հանդիպում մեր օրակարգում չկա»,- երեկ երեկոյան հայտարարել է Ջեն Սաքին:
Երեկ նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է հայտնել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հրաժարվելու մասին:
«Անցած շաբաթ ես համաձայնեցի փետրվարի 24-ին Եվրոպայում հանդիպել արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, պայմանով, որ Ռուսաստանը մինչ այդ չի հարձակվի Ուկրաինա վրա: Հիմա տեսնում ենք, որ ներխուժումն արդեն սկսվել է , ուստի, հանդիպումն այլևս իմաստ չունի»,- ասել է Բլինքենը:
Միացյալ նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել է նաև նոր պատժամիջոցների մասին:
«Մենք սանկցիաներ ենք սահմանում Ռուսաստանի վերնախավի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, բոլոր նրանց, ովքեր ուղղակիորեն օգուտ են ստանում Կրեմլի հետ իրենց կապերից»,- ասել է Բլինքենը: