Աֆրիկայից տուն վերադառնալու ճանապարհին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օդանավում լրագրողների հետ զրույցում խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին:
«Անկարան կարող է բացել սահմանները և վերականգնել դիվանագիտական կապերը, եթե Երևանը հավատարիմ լինի երկու երկրների հարաբերությունների բարելավման գործընթացին», – ասել է Թուրքիայի ղեկավարը:
Նրա խոսքով` Անկարայում գիտեն, որ Հայաստանը «որոշ կոնկրետ ակնկալիքներ ունի, մասնավորապես` սահմանները բացելու և դիվանագիտական կապեր հաստատելու վերաբերյալ»:
«Եթե Հայաստանը հավատարիմ մնա երկու բանագնացների {Սերդար Քըլըչ և Ռուբեն Ռուբինյան} նախաձեռնած գործընթացը շարունակելու գաղափարին, մեզ համար այլևս չի լինի այնպիսի բան, ինչպիսին փակ դռներն են», – ասել է Էրդողանը:
Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում: Երկու բանագնացները վաղը Վիեննայում պետք է երկրորդ հանդիպումն անցկացնեն: