«Սարսափելի օր Ուկրաինայի համար, մութ օր Եվրոպայի համար»․ – այսպես է որակել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այն օրը, երբ Մոսկվան սկսեց ռազմական ագրեսիան Կիևի դեմ։ Հայտարարությունը Գերմանիայի կառավարության ղեկավարն արել է հինգշաբթի օրը Բեռլինում։
Արձագանքելով Ուկրաինայի վրա ռուսական ներխուժմանը՝ Եվրամիության առանցքային պետության ղեկավարը հայտարարել է, որ աշխարհը չի մոռանա Ռուսաստանի «խայտառակությունը»։
Ռուսական հարձակումը, Գերմանիայի առաջնորդի խոսքով, «միջազգային իրավունքի բացահայտ խախտում է և որևէ արդարացում չունի»։
«Գերմանիան համերաշխ է Ուկրաինայի և նրա ժողովրդի հետ», – վստահեցրել է Շոլցը, որն անցած օրերին ի պատասխան Մոսկվայի կողմից Ուկրաինայի արևելքում գտնվող ռուսամետ կազմավորումները ճանաչելու որոշման սառեցրել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի շահագործումը։
«Հյուսիսային հոսք 2»-ը նախատեսված է երկու զուգահեռ խողովակաշարերով ռուսական գազը Բալթիկ ծովով Գերմանիա հասցնելու համար` շրջանցելով Ուկրաինան և մի շարք այլ երկրներ։