Իլհամ Ալիևը հայտարարել է Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա համագործակցության եռակողմ ձևաչափ ստեղծելու հնարավորության մասին։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ ռուս-ադրբեջանական դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, այժմ Բաքուն հետաքրքրված է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ ՀԱՊԿ-ի անդամ Ռուսաստանի հետ եռակողմ ձևաչափով համագործակցությամբ։
Ալիևը նշել է, որ Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա համագործակցության եռակողմ ձևաչափը դեռ ձևակերպված չէ՝ արտգործնախարարների և նախագահների մակարդակով հանդիպումներ դեռ չեն կայացել, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ ընթանում են։
«Մեզ համար շատ հաճելի է, որ նախագահներ Էրդողանի և Պուտինի միջև կա շատ վստահելի հարաբերություններ, նրանք երկուսն էլ այդ մասին հրապարակայնորեն խոսում են։ Այնպես որ, կարծում եմ, հեռու չէ այն օրը, երբ կձևակերպենք այդ հարաբերությունները։ Քանի որ Ադրբեջանը հանդիսանում է Ռուսաստանի և Թուրքիայի դաշնակիցը, այստեղ հարց է ծագում հաջորդ քայլի մասին։ Բայց դա արդեն մեր անելիքը չէ, մենք մեր կողմից մշտապես աշխատել ենք երկու երկրների շահերի մերձեցման ուղղությամբ», – Մոսկվայում ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
2021 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանը Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր է ստորագրել, 2022 թվականի փետրվարի 22-ին էլ՝ Ռուսաստանի հետ։