Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սահմանին կրակոցների մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ պարբերական ապատեղեկատվությունների իր գործելաոճը, հայտարարում է, թե փետրվարի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին ևս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելուց», – ասված է ՀՀ ՊՆ լրատվական վարչության հաղորդագրությունում։
Պաշտպանական գերատեսչությունը վստահեցնում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առավոտյան հաղորդել է, թե չորեքշաբթի երեկոյան՝ ժամը 20։30-20։55, Գորիսի ուղղությամբ տեղակայված դիրքերից հայկական Զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքերից գնդակոծել են Լաչինի շրջանի Ահմեդլի բնակավայրում ադրբեջանական բանակի դիրքերը, ներկայումս իրավիճակը տվյալ ուղղությունում կայուն է։