ՆԱՏՕ-ն ավելացնում է Արևելյան Եվրոպայում զինվորականների թիվը։ Այս մասին ասվում է դաշինքի կայքէջում հրապարակված հայտարարությունում։ Դրանում նշվում է, որ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքը մտադիր է լրացուցիչ զորքեր ուղարկել Արևելյան Եվրոպա։
«Ռուսաստանի գործողությունները լրջագույն սպառնալիք են եվրատլանտյան անվտանգության համար, և դրանք կունենան աշխարհա-ռազմավարական հետևանքներ։ ՆԱՏՕ-ն շարունակում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իր դաշնակիցների պաշտպանության և անվտանգության համար։ Մենք լրացուցիչ ցամաքային և օդային ուժեր ենք ուղարկում դաշինքի արևելյան սահմաններ, ինչպես նաև ուժեղացնում ենք նավատորմը։ Մենք բարձրացրել ենք մեր ուժերի պատրաստականությունը ցանկացած չնախատեսված հանգամանքներին արձագանքման համար», – ասվում է ՆԱՏՕ-ի հայտարարությունում։