Տարածաշրջանի խաղաղությունը վտանգված է, կայունությունը` փխրուն, այսօր ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստի ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Ընդգծելով, որ 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներն անդառնալի էին՝ Արշակյանը շեշտել է․ – «Այսօր մեր առջև կանգնած են անվտանգության մարտահրավերներ»:
«Առավել վտանգավոր զարգացում է հանդիսանում ադրբեջանական զինուժի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է 2021 թվականի մայիսի 12-ից: Հայաստանի Հանրապետության դեմ ոտնձգությունները հանգեցրել են մարդկային զոհերի և լրջորեն վտանգել տարածաշրջանային անվտանգությունը», – հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահը՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները, որոնք խաթարում են տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:
Արշակյանը նշել է, որ միջազգային գործընկերներից ակնկալում են Ադրբեջանի անօրինական գործողություններին անհապաղ և հասցեական արձագանք, այդ թվում` Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցմանը և Ադրբեջանի կողմից սահմաններում հրահրող հետագա սրացումներին:
«Մեր խորին համոզմամբ, ուժի կիրառումը չի կարող նպաստել վստահության ամրապնդման միջոցառումների հաստատմանը, ինչպես նաև խաղաղության մթնոլորտին», – ասել է ԱԺ փոխնախագահը՝ համոզմունք հայտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը, դրանց խախտումների հետևանքների վերացումը, այդ թվում` անվերապահորեն հրադադարի ռեժիմի պահպանումը, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ վերադարձը կարող են պայմաններ ստեղծել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդման համար:
«Հայաստանը մեծապես կարևորում է հարևան պետությունների հետ բնականոն հարաբերությունները»
Հայաստանը մեծապես կարևորում է հարևան պետությունների հետ բնականոն հարաբերություններ ունենալը, ասել է Արշակյանն՝ ընդգծելով՝ կողմնակից են և ձգտում են տարածաշրջանում բաց սահմաններով և գործընկերության վրա խարսխված հարաբերություններ հաստատելուն` մշտապես պատրաստ լինելով առողջ ու իրատեսական երկխոսության:
Տեղեկացնելով, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ հունվարի 14-ին հանդիպել է Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ, այսօր էլ Վիեննայում բանագնացների երկրորդ հանդիպումն է՝ Արշակյանը հույս է հայտնելով, որ Թուրքիան կվերանայի 1993 թվականից ի վեր անկախ Հայաստանի նկատմամբ վարվող փակ սահմանների քաղաքականությունը:
«Մենք պատրաստակամ ենք համագործակցության կամուրջներ ունենալ ինչպես հարևան երկրների, այնպես էլ տարբեր ձևաչափերում գործող միջազգային կազմակերպությունների հետ` ի նպաստ մեր երկրի զարգացման ու տարածաշրջանում խաղաղության ամրապնդման: Վստահ եմ, որ Եվրոպական միությունն այն կառույցն է, որն իր առաքելությամբ կաջակցի այդ խաղաղության ու կայունության հաստատմանը», – եզրափակել է Արշակյանը։