Պատժամիջոցները ակնհայտ ազդեցություն կունենան եվրասիական տարածաշրջանում տնտեսական մթնոլորտի վրա․ Փաշինյան

Ակնհայտ է, որ գտնվում ենք զգայուն ժամանակահատվածում, աշխարհաքաղաքական զգայուն տեկտոնական գործընթացներում, այսօր Նուր-Սուլթանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների հետ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ։

Ընդգծելով, որ Եվրասիական տնտեսական միությունը կարևոր ֆորմատ է երկրների տնտեսությունները զարգացնելու համար՝ Փաշինյանը միևնույն ժամանակ շեշտել է՝ պատժամիջոցների գործողություններն ակնհայտ ազդեցություն կունենան եվրասիական տարածաշրջանում տնտեսական մթնոլորտի վրա՝ առաջարկելով քննարկել, թե ինչպիսի օպերատիվ որոշումներ պետք է ընդունել, որպեսզի այդ բացասական ազդեցությունները լինեն նվազագույն և եթե հնարավոր է, շրջանցել դրանք։

2021 թվականի արդյունքները Եվրասիական տնտեսական միության համար բավականին դրական են, առևտրատնտեսական կապերի ընդհանուր ծավալը ԵԱՏՄ-ի ներսում, առևտրաշրջանառությունն աճել է, ինչը բավականին դրական ազդակ է, նկատել է Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով՝ առկա է Եվրասիական տնտեսական տարածաշրջանի ընդլայնման ներուժ։

«Կան դիտորդ պետություններ, որոնց հետ բավականին արդյունավետ համագործակցում ենք: Առկա է նաև որոշակի հետաքրքրություն այլ երկրների կողմից` սերտացնելու կապերը Եվրասիական տնտեսական միության հետ: Կարծում եմ` սա ընդհանուր առմամբ դրական գործընթաց է և հույս ունեմ, որ Եվրասիական տնտեսական միությանը, մեզ բոլորիս կհաջողվի իրականացնել այնպիսի քաղաքականություն, որպեսզի ընթացիկ իրավիճակներում ԵԱՏՄ-ն որպես տնտեսական հարթակ ամրապնդվի և շարունակի ազդակ հաղորդել մեր երկրների տնտեսությունների զարգացմանը», – եզրափակել է վարչապետ Փաշինյանը:

Վարչապետն աշխատանքային այցով Ղազախստանում է փետրվարի 24-ից՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Երեկ խորհրդի նեղ կազմով, այսօր ընդլայնված կազմով նիստն է:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button