Առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 2021-ին 2020-ի համեմատ աճել է 20,6 տոկոսով․ վարչապետ

Առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 2021-ին նախորդ տարվա համեմատ աճել է 20,6 տոկոսով և կազմել 2,7 մլրդ ԱՄՆ դոլար, այսօր Նուր-Սուլթանում, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման մատակարարումների ծավալը նույն ժամանակահատվածում աճել է 25,2 տոկոսով։ Ընդ որում՝ Փաշինյանը նկատել է՝ փոխադարձ առևտրում արտահանման աճի տեմպերն ավելի բարձր են, քան դեպի երրորդ երկրներ հայկական արտադրանքի արտահանման աճի տեմպերը։

«Աճի լավագույն ցուցանիշներն ապահովել են թարմ և վերամշակված գյուղատնտեսական արտադրանքը, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները, տեքստիլի և կոշիկի արդյունաբերության արտադրանքը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրներում պահանջարկ ունեցող մի շարք այլ ճյուղերի արտադրանքները», – ասել է վարչապետը՝ շարունակելով՝ արտահանման ծավալների աճին զուգընթաց աճել են նաև Միության երկրներից Հայաստան ներմուծման ցուցանիշները․ – «Այսպիսով, ծագման երկրի հատկանիշով ներմուծումն աճել է 18,5 տոկոսով»։

Փաշինյանը հույս է հայտնել, որ այս տարի համագործակցությունը կլինի ոչ պակաս արդյունավետ, այդ թվում՝ Միության ինտեգրման հիմնական ոլորտներում առաջընթացի և նոր նախաձեռնությունների իրականացման հաշվին։

«Այս փուլում չափազանց կարևոր է պահպանել հավաքած տեմպը և շարունակել տնտեսական մարտահրավերներին համատեղ արձագանքելու մեխանիզմների մշակումը», – ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը։

Վարչապետն աշխատանքային այցով Ղազախստանում է փետրվարի 24-ից՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այսօր ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների հետ Փաշինյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button