Երևանը չի ցանկանում Բաքվի հետ համագործակցել Ղարաբաղում ադրբեջանցիների զանգվածային հուղարկավորումների մասին տեղեկատվության տրամադրման հարցում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Չենք նկատում Հայաստանի ցանկությունը՝ համագործակցելու այս հարցում։ Նման պահվածքը Հայաստանի ռազմական քաղաքականության բաղկացուցիչ մասն է», – ելույթ ունենալով երկրի խորհրդարանում՝ հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը:
Ադրբեջանցիների զանգվածային հուղարկավորումների թեման պաշտոնական Բաքուն հրապարակավ շրջանառության մեջ է դրել վերջին շաբաթներին։ Փետրվարի 7-ին Երևան վերադարձնելով հայ գերիների 8-հոգանոց խմբին՝ Ադրբեջանի կառավարությունը հայտարարեց, թե փոխարենը Հայաստանից տեղեկություն է ակնկալում 1990-ականներին ադրբեջանցիների զանգվածային հուղարկավորումների վայրերի մասին։
Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ այդ հարցում միակողմանի պատրավորություն չի վերցրել։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շեշտել էր, որ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ արցախյան պատերազմում հայկական կողմը ևս ունի անհետ կորածներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ խորհրդարանում տեղեկացրել է, որ մինչ օրս Ադրբեջանին է փոխանցվել առաջին ղարաբաղյան պատերազմում զոհված 108 ադրբեջանցու մասունք, և այս գործընթացը շարունակական է լինելու։