«Ադրբեջանը հետևում է Ուկրաինայի շուրջ իրադարձություններին», – հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Սա պաշտոնական Բաքվի առաջին արձագանքն է Ուկրաինայում շարունակվող պատերազմին։
Ուկրաինայի վրա ռուսական զինված ուժերի հարձակումից ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները Մոսկվայում դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել։
«Ադրբեջանը միջազգային հարաբերություններում միշտ առաջնորդվում է միջազգային իրավունքների նորմերով և սկզբունքներով, այս առումով ես կցանկանայի ընդգծել պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցը», – ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Հաջիևը։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։