Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ քննարկումների ընթացքում անդրադարձել են ՀՀ զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխումների ընթացքին:
Պապիկյանը և Շոյգուն բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, Ռուսաստանի դերն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետությունը:
«Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ։ Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր», – ասված է ՀՀ ՊՆ տարածած հայտարարությունում:
Սուրեն Պապիկյանը Սերգեյ Շոյգուին հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Հայաստան:
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այսօր ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին: