Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին հայտարարել է, որ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի միջուկային զսպման միջոցները բարձր զգոնության բերելու մասին որոշումը «գոյություն չունեցող սպառնալիքներ ստեղծելու» շարունակությունն է:
«Նա ստեղծում է գոյություն չունեցող սպառնալիքներ՝ հետագա ագրեսիան արդարացնելու համար», – ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին ABC հեռուստաընկերության եթերում։
Ռուսաստանի նախագահը կիրակի օրը ռազմական ուժերի պատասխանատուներին հանձնարարել է ռուսական ռազմավարական զսպման ուժերը, որոնց թվում են նաև ռազմավարական միջուկային ուժերը, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, բերել մարտական հատուկ ռեժիմի։
Ռուսաստանի նախագահի որոշմանը արձագանքել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ CNN հեռուստաընկերության հետ զրույցում արևմտյան ռազմական դաշինքի ղեկավարը Պուտինի հայտարարությունները որակել է «վտանգավոր հռետորաբանություն» ու անպատասխանատու պահվածք ռուսաստանցի առաջնորդի կողմից։
Վլադիմիր Պուտինն իր որոշումը բացատրել է «Ռուսաստանի հասցեին Արևմուտքի ղեկավարների ագրեսիվ հայտարարություններով»։