Ուկրաինայի դեմ պատերազմի չորրորդ օրը Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը առաջին անգամ հայտարարել է ռուսաստանցի զինվորականների շրջանում զոհերի մասին, թվեր, սակայն, չի նշել։
«Ռուս զինվորականները խիզախություն և հերոսություն են ցուցաբերում հատուկ ռազմական գործողությունների ընթացքում մարտական առաջադրանքները կատարելիս», – ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի» պետական գործակալությունը:
«Ցավոք, մեր ընկերներից զոհեր և վիրավորներ կան։ Բայց մեր կորուստները բազմակի քիչ են, քան ոչնչացված ազգայնականները և ուկրաինական զինված ուժերի զինծառայողների կորուստները», – շեշտել է ռազմական գերատեսչությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև չի նշում, թե քանի ռուսաստանցի զինծառայող է գերեվարվել։
Փետրվարի 25-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուելսը հայտարարել է, որ բրիտանացի զինվորականների տվյալներով` Ուկրաինա ներխուժելու առաջին օրը Ռուսաստանը 450 զինծառայող է կորցրել։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը փետրվարի 26-ին հայտարարել է ռուսաստանցի զինվորականնների շրջանում 4300 զոհի մասին։
Փետրվարի 27-ին պաշտոնական Կիևն ուկրաինական կողմի զոհերի մասին նոր տվյալներ չի հայտնել։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել է, որ պատերազմի առաջին օրը զոհվել է 137 զինվորական։ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը փետրվարի 26-ին տարածած հաղորդագրությունում նշել է ռազմական գործողությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում 198 զոհի մասին։