«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չպետք է խտրականության ենթարկվի». Միրզոյան

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չպետք է խտրականության ենթարկվի իր ծագման, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային ծագման կամ այլ պատճառներով», – Ժնևում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի բարձրաստիճան նիստի ընթացքում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը նշել է, որ ՄԱԿ-ը և նրա մարմիններն օժտված են համընդհանուր մանդատով՝ անվերապահ, անխոչընդոտ, անարգել հասանելիություն ունենալու կարիքի մեջ գտնվող մարդկանց՝ անկախ նրանց գտնվելու վայրից և հանգամանքներից՝ կոչ անելով միջազգային հանրությանը «պատասխանատվություն ստանձնելու Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում անվերապահ հասանելիություն ապահովելու համար»։

«ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգային մանդատ կրողները մի քանի անգամ դիմում են հղել Ադրբեջանին, որոնցում արծարծվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում վարձկաններ օգտագործելու, արտադատական մահապատիժների, կամայական ձերբակալությունների, բռնի անհետացումների, կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ հարցեր: Ադրբեջանը հրաժարվել է պատշաճ պատասխան տալ և փաստորեն, ընդհանրապես չի պատասխանել վերջին դիմումներին, ինչը բացահայտ մարտահրավեր է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մեխանիզմին», – նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

«Անպատժելիությունը հանգեցնում է նոր խախտումների», ընդգծել է Միրզոյանը՝ ներկայացնելով, որ Լեռնային Ղարաբաղից բացի Ադրբեջանը «շարունակում է մարդու իրավունքների խախտումների իր քաղաքականությունը՝ այժմ էլ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում, որտեղ քաղաքացիական բնակչությունը տուժում է Ադրբեջանի զինված ուժերի շարունակական սադրիչ գործողություններից»:

«Հրադադարի հաստատումից 16 ամիս անց Ադրբեջանը շարունակում է պահել 38 հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհայտ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված», – հայտարարել է Արարատ Միրզոյանը:

«Մենք ձգտում ենք հասնել հայերի անվտանգ, արժանապատիվ եւ կամավոր վերադարձին իրենց հայրենի տները՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում», – ընդգծել է ան։

2021 թվականի դեկտեմբերի 7-ին Միջազգային դատարանի կողմից առաջադրված միջանկյալ միջոցները, որոնք Ադրբեջանին հարկադրում են դադարեցնել հայերի նկատմամբ ռասիստական և խտրական դրսևորումները, ներառյալ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և վանդալիզմը, պետք է անվերապահորեն կատարվեն, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարը:

«Այս միջոցները գալիս են ապացուցելու Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը, այդ թվում՝ վերջինիս ռազմատենչ հռետորաբանությունը, ժողովրդին գոյատևման միջոցներից զրկելը, հայ բնակչությանն անընդհատ ահաբեկել ու ուժի կիրառման նոր սպառնալիքը։

Միայն այս խնդիրների հասցեագրմամբ մենք կարող ենք ապահովել մեր տարածաշրջանում կայունություն, խաղաղություն, արդարություն և մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանություն», – ասել է Միրզոյանը։

Արտգործնախարարը նաև նշել է, որ Հայաստանը մտադիր է խորհրդի այս նստաշրջանում կրկին ներկայացնել Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևի նախագիծը. «Սա մի օրակարգ է, որը Հայաստանը տարիներ շարունակ առաջ է մղում։ Ժնևում մեր թիմը կազմակերպելու է խորհրդակցությունների թափանցիկ գործընթաց՝ բոլոր շահագրգիռ պետությունների և այլ կողմերի մասնակցությամբ»։

Նշելով, որ այս տարի լրանում է Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 30-ամյակը, Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի «անսասան հանձնառությունը բազմակողմանիությանը, որի հիմքում է Միավորված ազգերի կազմակերպությունը, ինչպես նաև մեր լիակատար հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին»։

Հայաստանի արտգործնախարարը Ժնև է մեկնել այսօր՝ մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին: Միրզոյանը Ժնևոմ կլինի մինչև մարտի 1-ը, նախատեսվում են հանդիպումներ մի շարք գործընկերների հետ:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 47 անդամ երկրներից բաղկացած միջպետական մարմին է, որը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման հարցերով։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button