Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի վիրահատության պատճառով այսօր հետաձգվել է «անպիտան հրթիռների» քրեական գործով նիստը։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց Գալստյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը։
Այսօր ավելի վաղ հետաձգվել էր նույն գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ու մյուս մեղադրյալների կալանքի դեմ Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքի քննությունը։
Առաջին ատյանի դատարանն անցած ամսվա վերջում որոշել էր անփոփոխ թողնել պաշտպանության նախկին նախարարի, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, բանակին հրթիռներ մատակարարած ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի և Զինված ուժերի ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի խափանման միջոցները։ Կալանքից ազատ էր արձակվել միայն Ավիացիոն սպառազինության պետ Արտյոմ Համբարյանը։
Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարանում նիստի հետաձգման պատճառն իրենց կողմից բարձրացված հարցերն էին։ Փաստաբանները, մասնավորապես, մտավախություն ունեն, որ քրեական գործը օրենքի խախտումով է մակագրվել դատավոր Մնացական Հարությունյանին։ Այդ պատճառով դատարանից փաստեր են պահանջել։
«Անհրաժեշտ է իմանալ՝ մակագրման կարգը, ինչպես հայտնի է՝ համակարգչով տեղի չի ունեցել, ձեռքով է տեղի ունեցել, ազգանունների այբբենական հերթականությամբ պահպանվե՞լ է, թե՞ ոչ», – ասել Տոնոյանի փաստաբանը։
Դատական գործերն այժմ դատավորներին ձեռքով են մակագրվում, քանի որ էլեկտրոնային մակագրման համակարգիչն առգրավված է մեկ այլ քրեական գործի շրջանակում։