Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցն այսօր բարձրացրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետիի հետ հանդիպմանը:
Ադրբեջանում դեռևս անօրինական կերպով պահվում են հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, որոնց պաշտոնական Բաքուն հրաժարվում է ազատ արձակել և վերադարձնել, որը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, ընդգծել է Արարատ Միրզոյանը` ուշադրություն հրավիրելով նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման ծրագրված գործողություններին։
Գերիների վերջին խումբը (8 հոգի) Երևան է վերադարձել փետրվարի սկզբին: Մինչ օրս Ադրբեջանը Հայաստանին է հանձնել գերեվարված ընդհանուր թվով 149 զինծառայողների և քաղաքացիական անձանց։ Մինչև 8 գերիներին վերադարձնելը Ադրբեջանը հաղորդում էր, որ իր հսկողության տակ 46 գերի կա, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են։ Հայ իրավապաշտպանների տվյալներով սակայն, Բաքվում պահվող հայ գերիների թիվն ավելի մեծ է։
Բաքվից նաև վերջերս հնչում են հայտարարություններ, որ կասկածի տակ են դնում իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում Հայ Առաքելական եկեղեցիների պատկանելությունը՝ պնդելով, թե դրանք աղվանական են, և նշելով, թե «հայերը հետքեր են թողել հուշարձանների վրա, որոնք պետք է մաքրվեն»:
Ժնևում տեղի ունեցող ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարին` ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լիարժեք կարգավորման նպատակով միջազգային կառույցների տեղում անխոչընդոտ ներգրավվածության, այդ թվում՝ ՄԱԿ գերագույն հանձնակատարի կողմից հումանիտար առաքելությունների իրականացման կարևորությունը։
Արտգործնախարարության հաղորդմամբ` հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ընթացող բարեփոխումների և դրանց շրջանակներում արձանագրված ձեռքբերումների շուրջ:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 47 անդամ երկրներից բաղկացած միջպետական մարմին է, որը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման հարցերով։