Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը մարտի 7-ին և 8-ին կսկսի Ուկրաինայի բողոքի քննությունը։
Կիևը Ռուսաստանին մեղադրում է ցեղասպանության մեջ։ Reuters-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան դատարանից պահանջում է միջանկյալ միջոցներ սահմանել։ Ուկրաինական կողմի շահերը դատարանում կպաշտպանի ամերիկյան Covington & Burling իրավաբանական ընկերությունը։
Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը երեկ տարածած հայտարարությամբ պնդել էր, որ կան ողջամիտ հիմքեր ենթադրյալ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն սկսելու համար։
Ուկրաինան ՄԱԿ-ի միջազգային դատարան Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել փետրվարի 27-ին։ Դրանում Կիևը խնդրում է պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին՝ մասնավորապես Ուկրաինայի դեմ ագրեսիան արդարացնելու նպատակով ցեղասպանություն բառը խեղաթյուրելու համար։
«Դատարանին խնդրում ենք անհապաղ հրահանգել Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները, և լսումներ սկսել հաջորդ շաբաթ», – ասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հաղորդագրությունում։