ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանը մարտի 2-ին բանաձև ընդունեց` դատապարտելով Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ «Ագրեսիա Ուկրաինայի դեմ» վերնագրով բանաձևին ՄԱԿ-ի 193 անդամներից կողմ են քվեարկել 141-ը, դեմ` ընդամենը 5-ը, ձեռնապահ է մնացել 35 երկիր։ Հայաստանը ձեռնպահների թվում է, ինչպես օրինակ` Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը և այլն։
Դեմ քվեարկած 5 երկրներն են՝ Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Հյուսիսային Կորեան ու Էրիթրեան։
ՄԱԿ-ի բանաձևը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա և վերահաստատում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը իրավական պարտադիր ուժ չունեն, բայց արտացոլում են միջազգային ձևավորված կարծիքը։ Հատուկ նստաշրջանների դեպքում բանաձևը ընդունվելու համար պետք է ստանա ՄԱԿ-ի անդամ երկրների ձայների 2/3-ը, ձեռնպահ քվեարկությունը հաշվի մեջ չէ։
Ավելի վաղ Ռուսաստանը արգելափակել էր նույնատիպ բանաձևի ընդունումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ նա վետոյի իրավունք ունի։