Պատերազմի յոթ օրերի ընթացքում Ուկրաինայում զոհվել է ավելի քան 2000 ուկրաինացի՝ չհաշված զինվորականները, այս մասին ասվում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրությունում, որը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։
Աղբյուրի համաձայն` Ուկրաինայի տարբեր բնակավայրերում ավերվել են հարյուրավոր տրանսպորտային ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր, հիվանդանոցներ և մանկապարտեզներ։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրոսելը մարտի 1-ին հայտնել է, որ փետրվարի 24-ից Ուկրաինայում առնվազն 136 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 13 երեխա, վիրավորվել՝ 400 մարդ։
«Իրական կորուստները, ամենայն հավանականությամբ, շատ ավելի մեծ կլինեն», – ասել է Թրոսելը։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության ներկայացուցիչ Շաբիա Մանթուն էլ տեղեկացրել է, որ վերջին վեց օրվա ընթացքում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 835 հազար մարդ։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին նախօրեին հայտարարել է, որ մարդասիրական գործակալությունները փորձում են 1,7 միլիարդ դոլար հայթայթել Ուկրաինայի ներսում տուժածներին և ուկրաինացի փախստականներին աջակցելու համար: