Միացյալ Նահանգների իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար. Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ երեքշաբթի երեկոյան ամենամյա ուղերձով հանդես գալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև։
Վաշինգտոնը նաև Կիևին կհատկացնի 1 միլիարդ դոլարից ավելի օգնություն:
«Պուտինը պատկերացում անգամ չունի, թե ինչ է իրեն սպասում», – ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ ընդգծելով, որ ամերիկյան զինուժը Ուկրաինայում չի կռվի, սակայն մոբիլիզացվել են բոլոր ուժերը՝ պաշտպանելու ՆԱՏՕ-ի անդամ պետությունները:
ԱՄՆ օդային տարածքում ռուսական ինքնաթիռների թռիչքների արգելքն ուժի մեջ կմտնի չորեքշաբթի օրվա վերջին, ասվում է Միացյալ Նահանգների տրանսպորտի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրությունում։
Երեքշաբթի օրը ավելի վաղ United Airlines-ը հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները Ռուսաստանի օդային տարածքում՝ միանալով ամերիկյան այլ խոշոր ավիափոխադրողներին՝ Delta-ին, American Airlines-ին և UPS-ին:
Հաղորդվում է նաև, որ ամերիկյան Apple ընկերությունը դադարեցնում է ապրանքների վաճառքը Ռուսաստանում: Բացի այդ, ռուսաստանցիների համար կսահմանափակվեն Apple pay համակարգով վճարումները: