Ղրղըզստանի իրավապահները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու, ով կասկածվում է 2007 թվականին «Ակոս» երկլեզու հայերեն-թուրքերեն պարբերականի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության հետ առնչություն ունենալու համար:
Ձերբակալվածի անունը չի հաղորդվում: Նա ձերբակալվեկ է փետրվարի 26-ին, ղրղըզ ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են կեղծ անձնագիր և կեղծ վարորդական իրավունք:
Այդ անձը մի շարք հանցագործությունների, այդ թվում Դինքի սպանության գործով Թուրքիայում հետախուզման մեջ է:
Ղրղըզստանում կասկածյալը մեղադրվում է կեղծ փաստաթղթերով սահմանը հատելու համար և դատապարտվել է երկու ամսվա նախնական կալանքի:
53-ամյա Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում 2007 թվականի հունվարի 19-ին՝ «Ակոսի» խմբագրատան մոտակայքում:
Դինքն առաջ է տարել հայերի և թուրքերի հաշտության գաղափարը և միաժամանակ բազմաթիվ առիթներով «ցեղասպանություն» է անվանել Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները:
Դինքի սպանությունը բողոքի աննախադեպ հզոր ալիք է բարձրացրել Թուրքիայում ու մասնավորապես այդ երկրի ամենախոշոր քաղաք Ստամբուլում:
Դինքի սպանության գործով մեղադրանք է ներկայացվել տասնյակ մարդկանց: Երեք նախկին բարձրաստիճան ոստիկաններ ծմահ ազատազրկման են դատապարտվել:
Դինքի սպանությունն իրագործած ծայրահեղ ազգայնական Օգյուն Սամաստը, ով հանցագործության օրվա դրությամբ 17 տարեկան էր, 2012 թվականին դատապարտվել է 23 տարվա ազատազրկման:
Սամաստի ծննդավայր Տրապիզոնում 2007 թվականին ներքին գործերի ստորաբաժանումների (ժանդարմերիայի) հրամանատարի պաշտոնըը զբաղեցնող Ալի Օզը մեղադրվել է ծրագրված սպանության մասին տեղեկակցված լինելու և այն չկանխելու մեջ և 2021 թվականին դատապարտվել է 28 տարվա ազատազրկման: