ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է, որ Վաշինգթոնը և Վարշավան քննարկում են Ուկրաինային մարտական օդանավեր փոխանցելու հնարավորությունը:
Ենթադրվում է, որ առաջարկի համաձայնեցման դեպքում Լեհաստանն իր խորհրդային կամ ռուսական արտադրության օդանավերի դեռևս ճշտվելիք քանակ կփոխանցի Ուկրաինային, իսկ Միացյալ Նահանգները Լեհաստանին կտրամադրի ամերիկյան արտադրության նույն թվով ինքնաթիռներ:
«Ես հիմա չեմ կարող ինչ-որ ժամկետներ նշել, բայց մենք շատ ակտիվ ենք քննարկում այդ հնարավորությունը»,- ասել է Բլինքենը Մոլդովայում:
Նա նշել է նաև, որ Վաշինգթոնը չի առարկի, եթե ՆԱՏՕ-ի այլ անդամներ նույնպես օդանավեր տրամադրեն Ուկրաինային: