Deep Purple ռոք խմբի ստեղնահար Դոն Էյրին ի նշան բողոքի Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին է վերադարձնում նրա ինքնագիրը: Այդ մասին երաժիշտը հայտնել է Twitter-ում տեղադրած գրառմամբ:
«Հենց նոր Դմիտրի Մեդվեդևին գրեցի, որ վերադարձնում եմ նրա ինքնագիրը, որը 2011 թվականի մարտին ստացել եմ Գոռկիի պալատում {Ռուսաստանի նախագահի քաղաքամերձ կեցավայրերից մեկը} Deep Purple խմբի պատվին տրված ընթրիքի ժամանակ և բողոք եմ հայտնում Ուկրաինա Ռուսաստանի ռազմական հարձակման մասին նրա հայտարարությունների դեմ»,- գրել է 73-ամյա երաժիշտը:
Twitter-ում նա հիշել է նաև Խարկովում 20 տարի առաջ Deep Purple-ի համերգը և ավելացրել.- «Այսօր ուրիշ օր է»:
Դմիտրի Մեդվեդևը մի քանի առիթներով ասել է, որ ռոք երաժշտության և, մասնավորապես, Deep Purple բրիտանական խմբի մեծ երկրպագու է: 2011 նա զբաղեցրել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը: 2011-ին Deep Purple-ի մոսկովյան համերգի օրերին նա հանդիպել է երաժիշտների հետ: