Ռուսաստանն այսօր վեց հումանիտար միջանցք է բացել՝ Կիևից, Մարիուպոլից, Սումիից և Խարկովից խաղաղ բնակչության տարհանումը կազմակերպելու նպատակով։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Ռուսաստանցի զինվորականի խոսքով՝ այս քաղաքների բնակչությանը հնարավորություն կտրվի հեռանալ ինչպես Ուկրաինայի բանակի վերահսկողության տակ գտնվող շրջաններ, այնպես էլ Ռուսաստան։ Կոնաշենկովի խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը երեկ երեկոյան և անցած գիշեր շարունակել են ծանր հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական ենթակառույցներին և հատկապես երկրի ռազմական ավիացիային։
«Երեկ երեկոյան Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի և բանակային հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Պոլտավայի մերձակայքում ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ պատկանող երեք Սու-27 օդանավ, Գոստոմելի մերձակայքում՝ մեկ Սու-25, Մակարով քաղաքի մերձակայքում 2 Մի-24 ուղղաթիռ։ Բացի այդ նախօրեին 8 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար», – հայտարարում էր ռուսաստանցի գեներալը։
Կոնաշենկովի խոսքով՝ փետրվարի 24-ին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում ռուսական կողմը 2906 ռազմական օբյեկտ է ոչնչացրել, այդ թվում՝ Ուկրաինայի ԶՈՒ կազմում գործող 119 ՀՕՊ համակարգ և 76 ռադիոլոկացիոն կայան։