Խաղաղության պայմանագիր ստորագրելը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է, «Արմենպրեսի» խնդրանքով, արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը՝ շեշտելով՝ Հայաստանը մի քանի անգամ բարձրագույն մակարդակով է այդ մասին հայտարարել։
«Հայաստանի կառավարությունը Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել և, բնականաբար, այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսևորում», – իր մեկնաբանությունում ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը։
Բայրամովն ասել է, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել և որ չնայած դժվարություններին, կարելի է մտածել հարաբերությունների կարգավորման մասին:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի՝ Բաքվում արած հայտարարություններին, թե «թուրք-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդումը կնպաստի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը»՝ այդ համատեքստում վերստին շեշտելով այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը, Հունանյանը նախ Հայաստանի համար անհասկանալի է համարելով այս խոսույթն՝ ընդգծելով՝ սրա մասին գիտեն բոլորը:
«Մյուս կողմից՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը նույնպես Կառավարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում», – ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը։