Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է հայ – ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումների կրակ բացելու մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», – ասված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առավոտյան հաղորդել էր, թե Գեղարքունիքի մարզում տեղակայված դիրքերից հայկական ուժերը գնդակոծել են ադրբեջանական զինված ուժերի դիրքերը Քելբաջարի շրջանի Դեմիրչիդամ բնակավայրի ուղղությամբ։