Այսօր Կանանց միջազգային օրն է. տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի ղեկավարները, Վեհափառը

Loading...

Այսօր մարտի 8-ն է՝ Կանանց միջազգային օրը: Այն ամեն տարի նշվում է որպես կանանց համերաշխության, հավասար իրավունքների և ազատության համար պայքարի օր, 1975 թվականից նշվում է ՄԱԿ-ում:

Կանանց միջազգային օրը Հայաստանում տոնական է՝ ոչ աշխատանքային:

Տոնի առթիվ այսօր շնորհավորական ուղերձներ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը։

«Ընտանիքին ու Հայրենիքին ձեր նվիրումն է նպաստում ազգային ավանդույթների պահպանությանն ու ամրապնդմանը»

«Ձեր հոգատարության, իմաստության ու համբերատարության շնորհիվ դարեր ի վեր պահում ու պահպանում եք մեր ընտանիքների ամրությունը, դաստիարակում առաջին հերթին հայրենասեր զավակներ: Ընտանիքին ու Հայրենիքին ձեր նվիրումն է նպաստում ազգային ավանդույթների պահպանությանն ու ամրապնդմանը», — իր ուղերձում ասել է վարչապետը:

Ընդգծելով, որ այս օրն առանձնակի կարևորվում է Մարտի 8-ի խորհուրդը՝ կապված կանանց իրավունքների պաշտպանության հետ՝ Փաշինյանը շեշտել է՝ կանանց և տղամարդկանց միջև հավասար իրավունքների ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում լիարժեք մասնակցության ապահովումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։

Ըստ Փաշինյանի, շարունակական աշխատանքներ են տարվում հասարակական կյանքում կանանց դերի բարձրացման, աշխատանքային իրավունքների պաշտպանության, բռնության ենթարկված անձանց պաշտպանության, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածության ապահովման ուղղությամբ։

«Դուք ինքներդ ճակատագիր եք ու, միաժամանակ, դուք ճակատագիր եք որոշում»

«Կանանց տոնն ուրախության, դրական զգացմունքների ու խոհերի տոն է, որոնց աղբյուրը դուք եք, սիրելի՛ կանայք՝ որպես մայր և կին, որպես դուստր և քույր», — իր ուղերձում ասել է Ալեն Սիմոնյանը։

«Դուք ինքներդ ճակատագիր եք ու, միաժամանակ, դուք ճակատագիր եք որոշում: Դուք ընտանիքի մասին մտածում եք նույնիսկ երբ դեռ ընտանիք չունեք, երեխայի մասին մտածում եք նույնիսկ երբ նա դեռ չի ծնվել, որովհետև ձեր մեջ եղած սերն ու հոգատարությունը երբեք չեն վերջանում, իսկ սկսվում են ձեր իսկ ծննդյան հետ», — նշել է Սիմոնյանը՝ մաղթելով․ -«Երբեք չպակասի սերը ձեր հանդեպ, որովհետև, հավատացած եմ, որ ձե՛ր մեջ այն երբեք չի պակասում»:

«Աղոթք ենք բարձրացնում ամենքիդ համար»

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն էլ իր ուղերձում մասնավորապես շեշտել է․ — «Մեր երկիրն այսօր դժվարություններ է կրում, դեռ հաղթահարված չեն պատերազմի ծանր հետևանքները և շատ հոգսեր ծանրացած են կանանց ուսերին, ովքեր համբերությամբ, նախանձախնդրությամբ և արիությամբ հանձնառու են իրենց առաքելությանը։

Սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր, աղոթք ենք բարձրացնում ամենքիդ համար՝ հայցելով, որ Տերը Իր օրհնության ու շնորհների ներքո քաջառողջ պահպանի ձեզ և հավատով ու սիրով լեցուն, որպեսզի նույն նվիրումով ծառայեք ձեր ընտանիքների ապահովությանն ու երջանկությանը և մեր հայրենիքի ու ժողովրդի առաջընթացին։ Ձեր ջանքերով է նաև, որ պիտի հաղթահարվեն առկա նեղությունները և զորանա հույսը ապագայի հանդեպ,հասակ առնի ջերմ հավատքով, ազգասեր ու հայրենասեր ոգով սերունդ՝ անխախտ պահելու մեր ժողովրդի վերելքի ուղին։ Թող Բարձրյալի շնորհով ձեր կյանքի և համայն մեր ժողովրդի ուղեկիցները լինեն խաղաղությունն ու բարօրությունը»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button