Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
Այսօր Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդել է, թե առավոտյան, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով․ – «Մարտի 7-ին, սահմանի նույն ուղղությամբ ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»։