Անկարան գոհունակությամբ է ընդունել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ մարտի 11-13-ը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու վերաբերյալ որոշումը:
«Նմանօրինակ փոխադարձ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը և լիարժեք կարգավորման նպատակով վստահության բարձրացմանը միտված քայլերի քննարկմանը», – հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էր հայտարարել Հայաստանին Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրելու մասին: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հստակեցրել էր՝ Անկարան հրավեր է հղել իր և հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի անունով։
Անցած տարի կայացած առաջին ֆորումին մասնակցել են Հայաստանի հարևաններ Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։
Անթալիայի դիվանագիտական ֆորումը հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր երկրներից հրավիրված պետական առաջնորդները, քաղաքական գործիքչները, դիվանագետները, գիտնականներն ու գործարարները քննարկում են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հարցեր, ներկայացնում իրենց տեսակետները, տեսլականներն ու լուծման հեռանկարները: