Պաշտոնական Բաքուն քննադատում է Մոսկվային «Լեռնային Ղարաբաղ» անվանումից չհրաժարվելու համար։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անթույլատրելի է համարել մասնավորապես Ռուսաստանի Պաշտպանական վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևի խոսքերը, որ Ուկրաինայի՝ ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածք նաև «14 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք է մատակարարվել Լեռնային Ղարաբաղից»։
«Ադրբեջանի Հանրապետության տարածքում «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչատարածքային միավոր չկա։ Ռուսաստանի Դաշնության հայտարարությունները, որոնք բազմիցս արվել են ամենաբարձր և բարձր մակարդակներով, հաստատել են աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և սահմանների անձեռնմխելիությանը։ Միաժամանակ, այս դիրքորոշումն ամրագրված է երկու երկրների միջև ստորագրված համապատասխան փաստաթղթերում», – հիշեցրել են Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից։
Բաքուն նաև պնդում է՝ «նման հայտարարությունները կարող են վնասել ադրբեջանա-ռուսական հարաբերությունները և հանգեցնել իրավիճակի սրման Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը»։