Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ վերջին 30 տարիներին «Ռուսաստանը չի կորցրել այնքան մարտական ինքնաթիռ, որքան Ուկրաինայի հետ պատերազմի 13 օրվա ընթացքում»։ Տվյալներ Ուկրաինայի առաջնորդը չի նշել։
Նախագահ Զելենսկին ուշադրություն է հրավիրել ռուսական բանակի կողմից շրջափակված ուկրաինական մի շարք քաղաքներում հումանիտար անմխիթարական իրավիճակի վրա։ Զելենսկու խոսքով՝ Մարիուպոլում ջրազրկման հետևանքով երեխա է մահացել։
Ուկրաինայի ղեկավարը սուր քննադատություն է հնչեցրել արևմտյան գործընկերների հասցեին՝ ռազմական ավիացիա տրամադրելու որոշումը հետաձգելու համար։
«Օդային հարվածներից և Ուկրաինայի շրջափակված քաղաքներում յուրաքանչյուր մարդու մահվան մեղքը, իհարկե, ռուսական պետության և նրա զինվորականների վրա է… Բայց պատասխանատվությունը նաև նրանց վրա է, ովքեր ինչ-որ տեղ Արևմուտքում իրենց աշխատասենյակներում արդեն 13 օր է չեն կարողանում հավանություն տալ ակնհայտորեն անհրաժեշտ որոշմանը», – ասել է Վլադիմիր Զելենսկին։